Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը:
Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության քայլերը՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների հաղթահարման ուղղությամբ՝ կարևորելով միջազգային հանրության օժանդակությունը:
Քննարկվել են նաև տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հետագա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շուրջ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։