Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ադրբեջանական վանդալիզմն Արցախում և ՀՀ իշխանություններից պահանջելով ադրբեջանական հակամշակութային բոլոր գործողությունների փաստերը մեկ առ մեկ ներկայացնել միջազգային իրավասու մարմիններին:
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական հետքի վերացման բարբարոսական գործողությունները և իրավապաշտպան կազմակերպություններից, ՀՀ իշխանություններից պահանջում ադրբեջանական հակամշակութային բոլոր գործողությունների փաստերը մեկ առ մեկ ներկայացնել միջազգային իրավասու մարմիններին և ատյաններին՝ խնդրին տալով միջազգային հնչեղություն»,- նշվում է հայտարարության մեջ:
Արվախի ԱԺ-ն փաստում է, որ Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված լայնամասշտաբ պատերազմից ու ամբողջական բռնազավթումից հետո վտանգված են Արցախի միջնադարյան բազում հոգևոր կենտրոններ, կրթահամալիրներ ու հուշակոթողներ, պատմամշակութային արժեքներ հանդիսացող շենքեր ու շինություններ:
Նաև արձանագրում են, որ թեև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մի քանի անգամ կոչեր են հնչել Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը վերջ դնելու համար և խոստումներ են եղել առաքելություն ուղարկելու, սակայն որևէ առաքելություն առ այսօր այդպես էլ չի ժամանել Արցախ, Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների ստեղծման պատրվակով և միզազգային հանրության անտարբերությունն ու անուշադրությունն ազատություն են տվել ագրեսորի վանդալիզմին՝ դառնալով տարածաշրջանում նոր պատերազմների հրձիգ:
Վանդալիզմի վերջին դրսևորումներն են Ստեփանակերտի Աստմածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի պղծումը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Ազատամարտիկների միության շենքերի հիմնահատակ ավերումը:
Մարտի 3-ին ադրբեջանցիներն օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածել, որոնցում երևում է, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը:
«Հայքի մշակույթի օմբուդսմեն» կազմակերպությունը հայտնել էր, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Ստեփանակերտի «Արցախբանկի» գլխամասային գրասենյակի շենքը և թալանում Արցախի Ազգային ժողովի շենքը: