Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի Դիտորդ մարմինն արձանագրել է Հանրային հեռուստատեսության խախտումները արցախցիների հանդեպ, հայտնում է «Արցախ միություն»-ը։
Միությունը Դիտորդ մարմնին խնդրել էր ուսումնասիրել «Առաջին ալիքի» լուրերի մայիսի 24-ի և հունիսի 6-ի թողարկումներում հեռարձակված երկու ռեպորտաժները, որոնք պատմում էին ընդդիմադիր հավաքներին մասնակցության համար գումար բաժանելու դեպքով հարուցված քրեական վարույթների մասին։ Ըստ դիմումի՝ ռեպորտաժներում անհարկի շեշտադրվել է ենթադրյալ հանցագործների արցախյան ծագումը և կատարվել է ընդհանրացում՝ դրանով բացասական վերաբերմունք հրահրելով Արցախի ժողովրդի հանդեպ այն անձանց շրջանում, որոնք բացասաբար են վերաբերվում ընդդիմադիր շարժմանը:
«Հանրայինի ռեպորտաժում հնչող արցախյան բարբառով խոսակցությունն ուղեկցվում է ռուսական ռուբլու թղթադրամների կապոցի պատկերով, թեև խոսակցությունը ՀՀ դրամի մասին է։ Այս հնարքով ևս, ըստ դիմումի, լրատվամիջոցը փորձել է արհեստական կապ ստեղծել «ղարաբաղցիների հանցավոր արարքի» ու Ռուսաստանի միջև՝ սրանով ևս լրացուցիչ բացասական վերաբերմունք գեներացնելով «ղարաբաղցիների» ու հավաքի հանդեպ»,- ասվում է միության դիմումի մեջ:
Նշվում է, որ մեկ այլ՝ հունիսի 6-ի «Գներն ընկնում են. միտինգին մասնակցելու համար՝ 5 հազար դրամ» վերնագրով ռեպորտաժում կրկին հեռարձակվել է արցախյան բարբառով հեռախոսազրույց, որտեղ «վննաման» (արցախյան բարբառով՝ կոշիկ) բառը ենթագրերում ներկայացվել է «վերցնել»՝ նկատի ունենալով փող վերցնելը։ Սրանով, ըստ դիմումատուի, էականորեն խեղաթյուրվել է խոսքի բովանդակությունը՝ կրկին բացասական վերաբերմունք հրահրելով արցախցիների նկատմամբ:
Քննելով դիմումը՝ Դիտորդ մարմինը վճռել է, որ թեև Հանրայինը հեռարձակել է ՔԿ պաշտոնական հաղորդագրությունը, այդուհանդերձ, դա նրան չի ազատում լրագրողական էթիկայի նորմերին հետևելու պարտավորությունից։ Ուստի, հեռարձակելով վերոնշյալ բովանդակությունը, հեռուստատեսությունը խախտել է իր ստորագրած էթիկայի կանոնագրի մի շարք կետեր։ Մասնավորապես, անհարկի շեշտվել է ենթադրյալ հանցագործության մասնակիցների արցախյան ծագումը՝ բացասական կարծրատիպեր տարածելով արցախյան ծագմամբ անձանց հանդեպ և ավելի խոցելի վիճակի մեջ դնելով նրանց։
Դիտորդ մարմինը շեշտել է, որ հեռուստատեսությունը չի հեռացրել ռեպորտաժի ֆեյսբուքյան հրապարակման ներքո ատելության խոսք, բռնություն և օրենքով արգելված այլ գործողություններ քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող բազմաթիվ մեկնաբանություններ։
Խախտվել է նաև մասնավոր կյանքի անձեռնմխելիության պահանջը (հանցանքի մեջ մեղադրվող անձանց ձայնը հեռարձակվել է առանց փոփոխելու)։
ԴՄ-ն հույս է հայտնել, որ արցախցիների կամ ցանկացած այլ խմբի հանդեպ կանխակալ վերաբերմունք արտահայտող նման սայթաքումներ հետագայում տեղ չեն գտնի Հանրային հեռուստատեսության եթերում:
Նշվում է, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է Դիտորդ մարմնի եզրակացության՝ խախտմանը վերաբերող հատվածներն առանց մեկնաբանությունների հրապարակի իր կայքում։