Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ կրթական համակարգում, սեպտեմբերի 13-ին լրագրողներին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նշել է, որ նրանց համար արտամրցութային սկզբունքով աշխատանքի անցնելու և հավելավճար ստանալու հնարավորություններ են ստեղծվել։
«Մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելու համար հավելավճարը 30% է, իսկ Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում՝ 30%-ին ամսական գումարվում է 50% հավելավճար»,- ասել է նախարարը։
Նա անդրադարձել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների, զոհված զինծառայողների երեխաների ուսման վարձերի հետ կապված ծրագրերին։
«2023-ին գործարկել էինք աջակցության ծրագրեր թե՛ բուհերում, թե՛ քոլեջներում, թե՛ դպրոցներում սովորողների համար։ Մենք շարունակելու ենք աջակցության ծրագրերը, որոնց թվում բուհերում և քոլեջներում սովորող ուսանողների աջակցության ծրագրի նախագիծն է»,- նշել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։