Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը դիմել է ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների հետաքննություն սկսելու պահանջով, հայտնել է Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում։
Նա նշել է, որ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ Միջազգային քրեական դատարանի դատախազին են ներկայացրել դիմում՝ Արցախում Ադրբեջանի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ուսումասիրություն սկսելու պահանջով:
«Եթե որոշները կարծում են, թե մեզ հետ կատարվածը պետք է մարսենք, մոռանանք ու անցնենք առաջ, ապա չարաչար սխալվում են»,- նշել է Ստեփանյանը։
Նա հայտնել է, որ Թուֆենկյան հիմնադրամի և «Արցախի աջակցության միության» համագործակցությամբ՝ միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան են ներկայացնում իրենց: Փաստաբանների կարծիքով՝ «ոչինչ չի կարող արդարացնել խաղաղ բնակչության՝ իրենց հայրենիքից ու տներից բռնի զրկման փաստը:
«Աշխարհը պետք է մերժի այս վայրագությունը, որը մեր ներկայացրած հայցի նպատակն է»,- ասել են նրանք:
Հայցը ներկայացվել է որպես «հաղորդում»՝ համաձայն Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածի, որը հնարավորություն է տալիս դատախազին հետաքննություն սկսել ներկայացված տեղեկությունների հիման վրա: Փաստաբանների խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանությունն ունի մարդկության դեմ հանցագործության բոլոր հատկանիշները, ասված է հրապարակման մեջ։ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։
Ստեփանյանի խոսքով՝ բոլոր պայմաններն առկա են, որ այդ հանցագործությունների պատասխանատուներն արդարադատության ենթարկվեն միջազգային քրեական իրավունքի շրջանակներում»:
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։