«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկել Հայաստանում Արցախից տեղահանվածների բնակության պայմաններն ստուգող քննիչ հանձնաժողովի անդամների թվի մասին որոշման նախագծին։ «Կողմ» է քվեարկել 28, «դեմ»՝ 56 պատգամավոր։
Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել է, որ տեղահանվածների կյանքին վերաբերող հարցերի պատասխանները կարելի է ստանալ բազմաթիվ այլ գործիքների միջոցով, և դրա համար քննիչ հանձնաժողով ստեղծելու կարիք չկա։
«Հիմնավորումները մեզ համար բավականաչափ փաստարկված չէին, հետևաբար՝ ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկելու»,- եզրափակել է նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մատնանշել է, որ անհրաժեշտ է հատկացված միջոցների արդյունավետ ծախսման նկատմամբ վերահսկողություն, այդ թվում՝ սփյուռքից և միջազգային կազմակերպություններից, որոնք հատկացվել են Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար։
«Պառլամենտը պարտավոր է իրականացնել արդյունավետ վերահսկողություն։ Դա պետք է լիներ այս հանձնաժողովի կարևոր առաքելություններից մեկը»,- նշել է նա։
Սեպտեմբերի 25-ին խորհրդարանում Արցախի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմաններն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել էր ԱԺ քննիչ հանձնաժողով, որի ձևավորման որոշումը կայացրել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի պահանջով։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումից հետո Արցախից Հայաստան ներքին տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ 2024 թվականի օգոստոսին ԱԱԾ-ն Armenia Today-ին հայտնել էր, որ 2020 թվականից ի վեր՝ երկիրը լքած արցախցիների թիվը գրեթե 27 հազար է։