Արցախյան ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Արցախ առաքելություն ուղարկելու համար, որպեսզի մարդկության դեմ կատարված մշակութային հանցագործությունները փաստագրվեն և հետագա հանցանքները կանխելու մեխանիզմներ կիրառվեն։
Նամակում նշվում է, որ 2020թ․ պատերազմից և 2023թ․ հարկադիր արտաքսումից հետո Արցախի օկուպացված տարածքներում դիտավորյալ ոչնչացվում և յուրացվում է հայկական մշակութային ժառանգությունը։
«Կան մշակութային ցեղասպանության ծանր օրինակներ․ ամբողջությամբ ոչնչացվել են Մեխակավանի Սուրբ Աստվածածին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս, Բերձորի Սուրբ Համբարձման և Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները։ Հայկական հոգևոր կենտրոնները պղծվել են, հարյուրավոր խաչքարեր՝ ոչնչացվել։ Ավելի քան 30 արվեստի և թանգարանային հավաքածուներ՝ բաղկացած հազարավոր ցուցանմուշներից, կողոպտվել են Ադրբեջանի կողմից»,- ասվում է նամակում։
Ըստ ՀԿ-ների՝ ոչնչացվել են Հայոց ցեղասպանության, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախի պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները, անհատներին նվիրված հուշաքարերը, պատմական նշանակության կամուրջներ, մշակութային կենտրոններ, գրադարաններ, դպրոցներ և այլ վայրեր։ Շուշիի շրջանի Քարին Տակ և Հադրութի շրջանի Մոխրենես գյուղերը, Հադրութի պատմական թաղամասն ամբողջությամբ քանդվել են։
«Ստեփանակերտի թաղամասերը՝ ներառյալ 19-րդ դարի պատմական թաղամասը, հողին են հավասարեցվել։ Ադրբեջանցիների կողմից այս ոչնչացումները պատկերող տեսանյութերի լայն տարածումը դարձել է հոգեբանական ճնշման միջոց՝ Արցախի հայերի նկատմամբ»,- գրել են նամակում։
Նշվում է, որ ադրբեջանցիների կողմից ոչնչացվել են Մեծ Թաղեր գյուղի (Հադրութի շրջան), Սղնախ գյուղի (Ասկերանի շրջան), Հաթերքի (Մարտակերտի շրջան) և Շուշի քաղաքի գերեզմանատները։
«2020-2024 թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի իրականացրել ՄԱԿ-ի կողմից իրեն վերապահված՝ համաշխարհային մշակութային ժառանգությունը պահպանելու լիազորությունը և առաքելություն չի ուղարկել Արցախ՝ տարածաշրջանի ժառանգության ներկա վիճակը փաստագրելու և այդպիսով կանխելու Ադրբեջանի կողմից հետագա ոչնչացումները։ Փոխարենը՝ սահմանափակվել է հայտարարություններ անելով»,- իրենց մտահոգությունն են հայտնել ՀԿ-ները։
Նամակի հեղինակները հիշեցրել են, որ համաձայն 1954թ․ Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ, ցանկացած վանդալիզմի, յուրացման, կողոպուտի, ատելության կամ վրեժխնդրության գործողություններ մշակութային ժառանգության դեմ արգելվում են և ընդգծել, որ մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ․ Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ հռչակագրով։
Հունիսի 22-ին Monument watch-ն ահազանգել էր, որ արցախահայերի բռնի տեղահանումն անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել։ 2023թ. հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանն ավերել է Արցախի տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021-ին Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021-ից մինչև 2023 թվականները քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը 2024-ի հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։
Փետրվարի 22-ին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները։ Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հանել էր Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը: Փետրվարի 14-ին «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունն ահազանգել էր, որ Ադրբեջանը հեռացրել էր Ստեփանակերտում տեղադրված գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին: Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմն օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացրել էր ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին: Մարտի 14-ին ադրբեջանցիները հեռացրել էին Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղի խաչքարը։ Մարտի 8-ին քանդել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։
Մարտի 3-ին օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածվել, որոնցում երևում էր, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը: Ապրիլի 18-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (ավելի շատ հայտնի է Կանաչ ժամ անունով)։ Ադրբեջանը հողին էր հավասարեցրել Արցախի հերոսական Քարինտակ գյուղը։
2024թ․ մայիսին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին։ Օգոստոսի 2-ին Monument watch-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն ավերել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ 2022 թվականին Ադրբեջանն ոչնչացրել էր Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին։