Հայաստանում աշնան կեսի դրությամբ՝ վերագրանցվել է ավելի վաղ Արցախում գրանցված 262 իրավաբանական անձ, Armenia Today-ին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Գերատեսչությունում Armenia Today-ի թղթակցին պարզաբանել են, որ կառավարությունն արցախցիներին հնարավորություն է տվել մինչև 2024 թվականի դեկտեմբեր պարզեցված ընթացակարգով բիզնեսի վերագրանցման ընթացակարգ անցնել։
Armenia Today-ը զրուցել է ավելի քան 20 արցախցի գործարարի հետ և պարզել, թե ի՞նչ դժվարությունների են բախվում նրանք Հայաստանում բիզնես հիմնելիս, ի՞նչը կօգնի հետագայում ընդլայնել այն, ի/նչ միջոցներ կարող են մեղմել ադապտացման գործընթացը Հայաստանում:
Սրճարան-փռի հիմնադիր Դոնարա Գասպարյանը, քաղցրավենիքի խանութի սեփականատեր Ալվինա Գաբրիելյանը և ֆերմայի հիմնադիր Նարինե Մաթևոսյանն Armenia Today-ին պատմել են իրենց աշխատանքի մանրամասների, դժվարությունների և հաջողությունների մասին:
Armenia Today-ի թղթակիցը զրուցել է նաև տնտեսագետ Հրանտ Միքայելյանի և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Տիրուհի Նազարեթյանի հետ՝ խնդրելով գնահատել Հայաստանում արցախյան բիզնեսի ադապտացման ռիսկերն ու հեռանկարները:
Հարցմանը մասնակցած գործարարների մեծ մասը Հայաստանում արցախցիների բիզնեսի առջև ծառացած առաջնահերթ խնդիրների թվում նշել է բարձր հարկերը և տարածքների համար սահմանված թանկ վարձավճարները, առաջնային հումքի և սարքավորումների բարձր գները:
Փորձագետների կարծիքով՝ այդ խնդիրները կարող են լուծել պետական աջակցության հասցեական ծրագրերը։
Բարձր հարկերը և թանկ վարձավճարները հիմնական խոչընդոտն են
«Ժենգյալով հաց՝ Դոնարայից» ապրանքանիշի հիմնադիր Դոնարա Գասպարյանը, որը 2023 թվականի հոկտեմբերին Երևանում վերաբացել է արցախյան ֆիրմային թխվածքի, հացի և խմորեղենի արտադրություն, առաջնահերթ խնդիրների թվում հարկային ծանր բեռն է առանձնացրել և նշել, որ շատ արցախցիներ այս հարցում պետության աջակցության կարիք ունեն։
«Եթե պետությունն օգներ հարկերի կրճատման հարցում, լավ կլիներ։ Ես ոչ միայն իմ փոխարեն եմ խոսում, այլև բոլոր արցախցիների»,- ասել է Դոնարան։
Նա պատմել է, որ բիզնեսը դեռևս շահույթ չի բերում, և դժվարությամբ է կարողանում հոգալ բոլոր ծախսերը, քանի որ Հայաստանում հարկերն ավելի բարձր են, քան Արցախում: Ի տարբերություն Արցախի, որտեղ հարկերը վճարում էին երեք ամիսը մեկ, Հայաստանում դրանք պետք է վճարել ամեն ամիս։ Դոնարայի ընտանիքում կա վեց մարդ, որոնց նույնպես պետք է պահել։ Արդյունքում՝ ամբողջ շահույթը ծախսվում է գործառնական ծախսերը հոգալու համար (հարկեր, հումք):
«Մի կտոր երջանկություն» հացաբուլկեղենի խանութ հացատան հիմնադիր Ալվինա Գաբրիելյանը բողոքում է այն նույն խնդիրներից, որոնց բախվում է Երևանում ցանկացած սկսնակ գործարար՝ բարձր վարձավճարներ և հարկեր, թանկարժեք հումք և մրցակցային միջավայր:
«2020 թվականի պատերազմից հետո, երբ Ադրբեջանն օկուպացրել էր հողերը, ստիպված էինք կրկին 11 միլիոն դրամով երեք հեկտար հողամաս գնել։ Մշակեցինք այդ հողը և ընկույզի այգի տնկեցինք։ Կցանկանայի այստեղ էլ զբաղվել դրանով, բայց հողը շատ թանկ է, աջակցություն չկա կառավարությունից։ Գոնե մեզ մի քիչ ժամանակ տվեցին, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել, եկամուտներ ստանալ և վարձավճարներ ու հարկեր վճարել»,- պատմում է Ալվինան։
Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում գործող ֆերմայի հիմնադիր Նարինե Մաթևոսյանը կարծում է, որ արցախցի գործարարներին տրամադրվող օգնությունը պետք է հասցեական լինի:
«Պետությունը պետք է օգնի արցախցի գործարարներին։ Թե ի՞նչ հնարավորություններ կունենա պետությունն ինձ օգնելու, չգիտեմ»,- ասել է Նարինեն։
Նա պատմել է, որ ֆերմերային բիզնեսի մասին մտածել է 2024 թվականի մարտին, երբ Հրազդանում էր ապրում և խոզեր էր պահում։ Բայց ժամանակի ընթացքում պարզվել է, որ վաճառքից ստացված եկամուտները չեն բավականացնում կենդանիների կերի և խնամքի ծախսերը հոգալու համար: Այդ պատճառով ընտանիքը որոշել է զբաղվել ոչխարաբուծությամբ և թռչնաբուծությամբ։ Այժմ Նարինեի ֆերմայում կա ավելի քան 32 հավ, 100 գլուխ ոչխար և մեկ տասնյակ խոզ: Վերջիններին Նարինեն որոշել է վաճառել, որպեսզի ֆերմերային տնտեսություններում ոչխարների գլխաքանակն ավելանա։
Թանկ հումքը և ուժեղ մրցակցությունը բիզնեսի ընդլայնման խոչընդոտ են
Ալվինա Գաբրիելյանը պատմել է, որ իրեն անհրաժեշտ մեկ կիլոգրամ հումքի դիմաց պետք է տալ մոտ 40 դոլար (15,5 հազար դրամ)։ Նա վստահ է, որ նման պայմաններով բիզնեսը կարող է շահույթ բերել միայն պետական աջակցությամբ։ Շահույթ ստանալու համար, բացի շոկոլադից, Ալվինան վաճառում է նաև թարմ խմորեղեն, պատվերով տորթեր է պատրաստում։
«Մեզ ոտքի կանգնելու համար մի քիչ ժամանակ է պետք։ Մրցունակ լինելու համար անհրաժեշտ է առաջարկել լավագույն արտադրանքը, դրա համար անհրաժեշտ է համապատասխան հումք»,- ասում է Ալվինան։
Նարինեն պատմել է, որ խոզի միսն անընդհատ էժանանում է, դրան զուգահեռ՝ խոզերի կերը բավականին թանկ է։
«13 խոզի համար երեք օրը մեկ 35-40 հազար դրամի կեր եմ գնել»,- ասել է Նարինեն:
Ցույց տալով թարմ թխած հացը՝ Դոնորան պատմում է, որ բիզնեսն ընդլայնելու և դրա եկամտաբերությունը բարձրացնելու համար որոշել են ժենգյալով հացից բացի խմորեղեն և արցախյան հաց պատրաստել։
«Հարսս էլ կոմպոտ, ջեմ, թթու է պատրաստում… Սկսեցինք թխել մեր Ղարաբաղի թոնրի հացը, շատ լավ է ստացվում։ Թխում ենք օրական 20-25 հատ։ Մարդկանց դուր է եկել…»,- ասում է Դոնարան ու անմիջապես սուրճ է պատրաստում, որ մեզ թարմ խմորեղեն հյուրասիրի, քանի որ մինչ նկարահանումները հասցրել էինք փորձել ժենգյալով հաց։
Լիզինգային ծրագրեր, իրավական և պետական աջակցության ծրագիր
Ֆինանսների նախարարությունից Armenia Today-ին պարզաբանել են, որ արցախցիներին հասցեական արտոնություններ տրամադրելը կարող է շուկայում անհավասար մրցակցային պայմաններ ստեղծել։ Գերատեսչության ներկայացուցչի կարծիքով՝ Հայաստանում գործող հարկային օրենսդրությունը բարենպաստ պայմաններ է ապահովում սկսնակ գործարարների համար։
Ֆինանսների նախարարությունը կոչ է արել օգտվել միկրոբիզնեսին ընձեռված հնարավորություններից, օրինակ՝ հարկային արտոնյալ համակարգից այն կազմակերպությունների համար, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը: Փորձագետները համաձայն չեն նման դիրքորոշման հետ։ Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն Armenia Today-ին ասել է, որ աջակցության նպատակային ծրագրերի բացակայությունը բարդացնում է արցախցի գործարարների ադապտացման գործընթացը Հայաստանում, քանի որ նրանք բախվում են իրավական, ֆինանսական խնդիրների։
Նրա հաշվարկներով՝ 2023 թվականից արցախցիների միայն մոտ 10%-ին է հաջողվել վերագրանցել իրենց բիզնեսը Հայաստանում։
Տնտեսագետը նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն արտակարգ պայմանները, որոնց դեպքում արցախցիները Հայաստանում բիզնես են սկսում, ներառյալ՝ փաստաթղթային խնդիրները, որոնք նույնպես խոչընդոտ են գործարարների համար:
«Արցախցիներին ստիպեցին նոր անձնագրեր ստանալ։ Առհասարակ, փաստաթղթերի հետ կապված խնդիրները բավականին շատ են։ Բռնի տեղահանվածների դեպքում այդ խնդիրները շատ դժվար են լուծվում, քանի որ մարդիկ Արցախում են թողել այն ամենը, ինչ ունեին, այդ թվում՝ բազմաթիվ փաստաթղթեր։ Առաջանում է նաև փաստաթղթերի վերաճանաչման խնդիր, գումարած՝ ֆինանսական, իրավական խնդիրներ, հասարակության որոշակի խտրական վերաբերմունք»,- պարզաբանել է նա։
Միքայելյանի խոսքով՝ Հայաստանում գրանցված արցախցիների բիզնեսի կարգավիճակն զգալիորեն նվազել է՝ խոշոր բիզնեսի մակարդակից հասնելով մինչև փոքր բիզնեսի և միկրոբիզնեսի: Տնտեսագետն ընդգծել է իրավական հարցերով աջակցության և փաստաթղթերի ձևակերպման հատուկ ծրագրերի մշակման, ինչպես նաև լիզինգային ծրագրերի մշակման անհրաժեշտության մասին։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանը կարծում է, որ Հայաստանում արցախցիների բիզնեսի վերագրանցման գործընթացին խոչընդոտում են նաև Հայաստանում նրանց ինտեգրման ընդհանուր դժվարությունները:
«Միջին և փոքր բիզնես հիմնել ցանկացողները և նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել համապատասխան նյութատեխնիկական բազա, բախվում են մի քանի խնդրի։ Օրինակ՝ ջերմոցային տնտեսության լավ մասնագետներ կան։ Միևնույն ժամանակ՝ նրանք ջերմոցներ հիմնելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ ձեռք բերելու և գնելու խնդիր ունեն։ Կան նաև մարդիկ, ովքեր ցանկանում են սովորել այդ գործը»,- հայտարարել է նա։
Նազարեթյանի խոսքով՝ արցախցիների մոտ նաև փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են առաջանում, և մարդիկ չեն ցանկանում մեծ վարկային պարտավորություններ ստանձնել: Նա նշել է, որ աշխատանքի հնարավորություններ կան հիմնականում կրթության, զինվորական ծառայության և շինարարության ոլորտներում՝ հատկապես սահմանամերձ շրջաններում։
Armenia Today-ին Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ 44-օրյա պատերազմից մինչ 2024 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանից մեկնած և չվերադարձած արցախցիների թիվը կազմել է շուրջ 19 հազար մարդ։
Այս պահին Նարինեն, Դոնարան և Ալվինան, ինչպես շատ արցախցիներ, ովքեր իրենց բիզնեսն սկսել են Հայաստանում, փորձում են հաղթահարել իրավական և ֆինանսական խնդիրները՝ հույս ունենալով, որ պետությունն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի իրենց բիզնեսի կայացման համար:
«Բայց մենք՝ արցախցիներս, տոկուն ենք, հույսը ոչ թե պետության օգնության, այլ միայն մեզ վրա ենք դնում։ Մենք ինքներս պայքարում ենք»,- ընդգծել է Նարինեն։
Սկզբում հողը ծլեց, ծիլերը չորացան, հետո նորից կանաչեցին՝ որպես հույս, որ ընտանիքը կվերադառնա հայկական Արցախ։
Կարդացեք նաև՝
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն
«Արցախից բերված մի բուռ հողը ծիլ է տվել». արցախցի Նարինե Մաթևոսյանը Շղարշիկ գյուղում ֆերմա է հիմնել
«Կարևորը որակն է և վերաբերմունքը». արցախցի Ալվինա Գաբրիելյանի «Մի կտոր երջանկությունը» Երևանում