Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին կարևորել է արցախահայության վերադարձի և ինքնորոշման իրավունքի ապահովումը, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Նշվում է, որ նախարարի հետ շփումների արդյունքում Կանադայի Հայ դատի հանձնախումբն ստացել է Ժոլիի գրությունը, որտեղ վերջինս առանցքային նշանակության շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և Հայաստանի անվտանգային խնդիրների վերաբերյալ։
Մասնավորապես, Բաքվում հայ ռազմագերիների և Արցախի նախկին առաջնորդների շարունակվող կեղծ դատավարությունների ֆոնին նախարար Ժոլին խստորեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ է արել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և կամայականորեն կալանավորված էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակում, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք, հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց հայրենի հողեր և հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն։
Կանադայի արտգործնախարարը կոչ է արել նաև Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությանը համահունչ՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակում։
2024 թվականի սեպտեմբերի 24-ին Ժոլին հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների միջոցով Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ներառի արցախահայերի անվտանգ վերադարձը ԼՂ և հայկական մշակութային ու պատմական ժառանգության պաշտպանությունն Արցախում։