Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ընդունել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին, կենտրոնի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանին ու կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանին: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։
«Հանդիպման նպատակն էր քննարկել Կոտայքի մարզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրի ներդրման, «Թումո» տուփերի և կենտրոնների հիմնադրմանն ու երկկողմ համագործակցության այլ հնարավորությունները:
Հյուրերը մարզպետին են ներկայացրել մարզում կրթական ծրագրի ներդրման ուղղությամբ մշակված նախնական քարտեզը, ըստ որի՝ Կոտայքում նախատեսվում է հիմնել 12-18 տարեկան պատանիների համար անվճար կրթական երկու «Թումո» կենտրոն և հարակից «Թումո» տուփեր՝ մասնագիտացված դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում:
Ինչպես մարզպետի, այնպես էլ փոխմարզպետի և ԿՄՍ վարչության պետի կողմից ներկայացվել են առաջարկներ, որոնք կդիտարկվեն ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի թիմի կողմից հետագա քննարկմանն առարկայական և շոշափելի արդյունքներ արձանագրելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։