2021 թվականի մարտի 22-28-ը Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում առցանց ձևաչափով տեղի է ունեցել «Ռոբոարտ-2021» միջշրջանային ռոբոտաշինության մրցույթ-փառատոնը, որի կազմակերպիչն էր «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը»։ Միջոցառմանը ներգրավված էին 1000-ից ավելի մասնակիցներ Ռուսաստանի 48 շրջաններից, Բելառուսից, Ղազախստանից և Հայաստանից։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Հայաստանը ներկայացնում էր «Ֆիզմաթ-Հայաստան» թիմը, որի անդամներն էին ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Նարեկ Սարգսյանը և 10-րդ դասարանի աշակերտ Գևորգ Սարգսյանը։
Հայկական թիմը մրցույթի շրջանակում ներկայացրել է երեք նախագիծ՝ «Խելացի տուն», «Բիոնիկ ձեռք», «Դաշնակահար ռոբոտ». բոլոր նախագծերն էլ զբաղեցրել են մրցանակային տեղեր։ «Ֆիզմաթ-Հայաստան» թիմն արժանացել է 2 ոսկե և 1 արծաթե մեդալի.
առաջին տեղ՝ ոսկե մեդալ. «Խելացի տուն» անվանակարգում՝ «Խելացի տուն» նախագիծը,
առաջին տեղ՝ ոսկե մեդալ. «3D մեխանիկա» անվանակարգում՝ «Բիոնիկ ձեռք» նախագիծը,
երկրորդ տեղ՝ արծաթե մեդալ. «Կիբեռնետիկական արվեստ» անվանակարգում՝ «Դաշնակահար ռոբոտ» նախագիծը»,-նշված է հաղորդագրության մեջ։