Սինգապուրի իշխանությունները սկսել են Xavier ռոբոտի փորձարկումները հասարակական վայրերում: Այն «Home Team Science and Technology Agency»-ի (HTX), Շրջակա միջավայրի ազգային գործակալության, «Ground Transportation Authority»-ի, Սինգապուրյան սննդի գործակալության և Բնակարանային և զարգացման խորհրդի համատեղ աշխատանքն է։ Այս մասին գրում է tjournal.ru-ն։
Xavier-ը երեք շաբաթ կաշխատի Սինգապուրի Տո Պայո շրջանում և կարձագանքի արգելված վայրերում ծխելուն, հեծանիվների ոչ պատշաճ կայանմանը, կնկատի մոպեդները հետիոտնային անցումներում, ինչպես նաև հինգ հոգուց ավելի հավաքված մարդկանց (կանոնը գործում է համավարակի ժամանակ):
Երբ Xavier-ը խախտում գտնի, ազդանշան կուղարկի հրամանատարական և վերահսկման կենտրոն: Հեղինակների խոսքով՝ ռոբոտի օգտագործումը կնվազեցնի փողոցներում պարեկային ծառայություններ մատուցողների թիվը և կբարձրացնի վերահսկողության արդյունավետությունը:
Ռոբոտն ունի մի քանի սենսոր ինքնուրույն շարժի համար, 360°-ի տեսախցիկներ՝ դիտման, ինչպես նաև լուսանկարելու ու տեսանկարելու համար: Ռոբոտը շարունակաբար տեսագրում է և տեսանյութը փոխանցում պետական ծառայողների վերլուծության վերահսկման կենտրոն:
Xavier-ը հագեցած է ինտերակտիվ կառավարման վահանակով: Քաղաքացիական ծառայողները կարող են հեռակա կարգով վերահսկել մի քանի ռոբոտների միաժամանակ: Նշվում է, որ ոստիկանությունը նմանատիպ ռոբոտ է օգտագործել Սինգապուրի Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ հասարակական կարգը վերահսկելու համար: