Իսլանդիան գործարկել է աշխարհի ամենամեծ կայանը մթնոլորտից ածխաթթու գազ կորզելու համար: Այս մասին հաղորդում է esquire.ru-ն՝ «The Guardian»-ին հղումով:
Գործարանը, որը կառուցվել է 10-15 մլն դոլարով իսլանդական «Carbfix» ընկերության և շվեյցարական նորաստեղծ «Climeworks AG» ընկերության կողմից, ստացել է «Orca» անունը (իսլանդերեն orka նշանակում է «էներգիա»): Աշխատելով երկրաջերմային աղբյուրների հետ՝ այն կարող է տարեկան մինչև 4 հազար տոննա ածխաթթու գազ կորզել: ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալության տվյալներով՝ այն համեմատվում է տարեկան 870 մեքենայի արտանետումների հետ:
«Orca»-ն բաղկացած է ութ զտիչ միավորներից, որոնք օդափոխիչներով ածխաթթու գազ են արդյունահանում, խառնում տաք ջրի հետ և ընդերք մղում 1 կիլոմետր խորությամբ: Այնտեղ այն փոխազդում է ապարների հետ և կարծրանում:
Այժմ աշխարհում գործում է CO2-ի կորզման 15 գործարան, միասին նրանք տարեկան կորզում են ավելի քան 9 հազար տոննա գազ: «Reuters»-ի փոխանցմամբ՝ այժմ ամերիկյան «Occidental» նավթային ընկերությունն աշխատում է այն կայանի վրա, որը կկարողանա տարեկան մեկ միլիոն տոննա CO2 մշակել:
Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ 2020 թվականին ածխաթթու գազի համաշխարհային արտանետումները կազմել են 31.5 միլիարդ տոննա: