Մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձիք կկարողանան հետ ստանալ իրենց աշխատվարձերից գանձվող եկամտահարկը։ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սիսակ Գաբրիելյանի ու Լիլիթ Մակունցի նախագծին։
«Մենք սրանով նախ խրախուսում ենք աշխատանքը։ Հաճախ մենք ունենք այնպիսի մոտեցում, որ ուսանողների վարձավճարը, այդ թվում նաև մագիստրատուրայում, հոգում են նրանց ընտանիքի անդամները, ծնողները։ Մենք գտնում ենք, որ մագիստրատուրայի ուսանողներն արդեն այն կարգավիճակում են, որ կարող են աշխատել ու վճարել իրենց ուսման վարձը։ Եվ սա նաև մտածողություն է ձևավորում»,– ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում նախագիծը ներկայացնելիս ասաց Լիլիթ Մակունցը։
Իր հերթին Սիսակ Գաբրիելյանն ընդգծեց, որ սկզբում նախագիծը վերաբերում էր նաև բակալավրիատի ուսանողներին, սակայն, քանի որ առայժմ չի ընդունվել Կրթության մասին օրենքը, այս փուլում նախատեսվում է այդ կարգավորումը կիրառել մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար։
Օրինագծի հեղինակները նշեցին, որ բյուջեի վրա ազդեցության ռիսկերը կանխատեսելի դարձնելու համար, նախագծով սահմանվում է, որ առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում։
Նախատեսվում է, որ օրենքն ընդունվելու դեպքում այն կկիրառվի արդեն 2020թ.-ի սեպտեմբերից։
Կառավարության ներկայացուցիչ, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ առաջարկվող համակարգը շատ նման է հիփոթեքային վարկերի միջոցով բնակարանների ձեռք բերելուն և վարկի համար վճարվող տոկոսները ետ ստանալու համակարգին։
Պողոսյանը նաև մտավախություն հայտնեց, որ օրենքի ընդունման պարագայում եկամտահարկի վերադարձի առաջարկություններ կլինեն նաև վերապատրաստման տարբեր ծրագրերի մասնակցող աշխատողների համար։
Սա, նրա խոսքով, նաև լրացուցիչ բեռ է պետության համար։
«Միայն կրթության ոլորտի հարկային ծախսերը ԱԱՀ–ի գծով 2020թ.–ի բյուջեում կազմում են 26.9 մլրդ դրամ։ Այսինքն` այսքան գումար այսօր կրթության ոլորտից արդեն չի հավաքագրվում»,– ասաց նա։
Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց, որ օրինագիծն ավելի ճիշտ կլիներ քննարկել կրթության հարցերի հանձնաժողովում և ոչ թե տնտեսական։
Օրինագիծն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգում և արդեն խորհրդարանի առաջիկա նստաշրջանում քննարկվելուց հետո պարզ կլինի վերջինիս ճակատագիրը։