2019-2020թթ. ուսումնական տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնել 2020 թվականի մայիսին ԱՄՆ-ում կազմակերպվող Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին, որի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Աշխարհի ավելի քան 75 երկրների շուրջ 1800 աշակերտների համախմբող այս փառատոնին մասնակցելու համար հայ պատանիները կներկայացնեն իրենց հետազոտական ծրագրերը, որոնք հանրապետական փուլում կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան գնահատում: Արդյունքում՝ հաղթող նախագիծը կներկայացնի Հայաստանը Գիտության համաշխարհային փառատոնին։
Կազմակերպչական հարցերում նախարարությանն աջակցում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը, որի ներկայացուցիչները ուսուցիչներին են ներկայացրել հաջողված ծրագրի մշակման հմտությունները:
Անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի և խորհրդատուի աջակցությամբ, իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական ծրագրերով կմրցեն 22 բնագավառում, որոնց շարքում են՝ մաթեմատիկան, ֆիզիկան, աստղագիտությունը, կենսաքիմիան, ռոբոտիկան, բնապահպանական ճարտարագիտությունը, կենսաբժշկական և առողջապահական գիտությունները, համակարգերի ծրագրավորումը, կենսաինֆորմատիկան այլն: