Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը։ Կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա տեղի է ունեցել հայկական Գեոկոսմոս ՓԲԸ-ի և իսպանական Սատլանտիս ընկերության համագործակցության արդյուքնում»,- ասաց Փաշինյանը։
«Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել: Սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը:
Առաջիկայում՝ ավելի կոնկրետ 2022 թվականին, մինչև 2023 թվականի վերջը, Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ: Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։
«Այս համատեքստում ցանկանում եմ խոսել ևս մեկ կարևոր իրադարձության մասին, որը սերտորեն կապված է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մեր քայլերի հետ։
Սույն թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանը հյուրընկալելու է աշխարհում հայտնի STARMUS VI (Սթարմյուզ 6) գիտատեխնոլոգիական փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ամբողջ աշխարհից, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, աստղաֆիզիկոսներ, արվեստագետներ և երաժիշտներ։ Հայաստանը հնարավորություն կունենա աշխարհին ներկայանալու հարուստ գիտական և տեխնոլոգիական նորարարությունների պատմությամբ, հնարավորություններով և ապագայի տեսլականով։
Ամփոփելով արբանյակի թողարկման, բացթողնման թեման՝ ասեմ, որ երեկ հրթիռի արձակման վայրում ներկա են գտնվել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը: Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում, և այս է պատճառը, որ նախնական որևէ տեղեկատվություն չի հրապարակվել: Գաղտնիության հետ կապված որոշումները կայացրել ենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով: Կատարված աշխատանքը, ահա, տվել է կոնկրետ արդյունք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս»,- ասաց վարչապետը:
Կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է արբանյակը բաց թողնվում տիեզերք։