Թուրքական Baykar ընկերությունը հնարավոր չի համարում իր Bayraktar մարտական անօդաչու սարքերը մատակարարել Ռուսաստանին։ Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում։
«Փողը մեզ համար առաջնահերթություն չէ։ Փողը և նյութական ռեսուրսները երբեք չեն եղել մեր բիզնեսում թիրախը. Ուկրաինայի հետ մեր բարեկամությունն ու համագործակցությունը երկար տարիներ են տևում։ Դրա համար էլ որքան էլ մեզ առաջարկեն, ճիշտն ասած, խոսք չի կարող լինել այն մասին, որ տվյալ իրավիճակում նրանց փոխանցեն», – ասել է նա՝ պատասխանելով Մոսկվային անօդաչու թռչող սարքերի վաճառքի հնարավորության մասին հարցին։
Հալուկ Բայրաքթարը հավելել է, որ իր ընկերությունը «ամբողջությամբ Ուկրաինայի կողմում է» և «ոչինչ չի խաթարի Ուկրաինայի հետ համագործակցությունը՝ անկախ նրանից, թե որքան գումար կառաջարկվի»:
Օգոստոսի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այդ բանակցություններում անօդաչուների արտադրության և մատակարարման ոլորտում համագործակցության թեման չի քննարկվել: