Մահացել է միջուկային էներգետիկայի ոլորտում աշխարհի խոշորագույն գիտնականներից մեկը, ռուսական ատոմային ռազմածովային նավատորմի ստեղծողներից մեկը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Սարկիսովը։
Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԳԱ ատոմային էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտի ներկայացուցիչը։ «99 տարեկանում կյանքից հեռացել է Աշոտ Առաքելիչը։ Ակադեմիկոս-ծովակալի սիրտը չի դիմացել հոկտեմբերի 17-ի առավոտյան։ Դա անդառնալի կորուստ է համաշխարհային և ռուսական գիտական հանրության համար», – մեջբերում է գործակալությունը ինստիտուտի ներկայացուցչի խոսքը։
Նշվում է, որ ակադեմիկոս Սարկիսովն անգնահատելի ներդրում է ունեցել միջուկային էներգետիկ սարքավորումներում հիմնական ֆիզիկական գործընթացների հետազոտման գործում: Նրա աշխատանքների արդյունքները թույլ են տվել ստեղծել միջուկային ռեակտորի դինամիկ տեսություն, ինչն իր հերթին հանգեցրել է ծովային միջուկային էլեկտրակայանների ավտոմատ վթարային պաշտպանության ստեղծման տեղեկատվական-վիճակագրական մոդելների և մեթոդաբանության առաջացմանը:
Այս մեթոդաբանությունը օգտագործվել է խորհրդային և ռուսական ատոմային սառցահատների, ինչպես նաև լողացող ատոմակայանների մի քանի սերունդների նախագծման ժամանակ, որոնցից առաջինը ստեղծվել է Ռուսաստանում։ Ակադեմիկոս Սարկիսովի անցկացրած տեսական և փորձարարական հետազոտությունները թույլ են տվել ստեղծել սկզբունքորեն նոր էներգո աղբյուր՝ թերմոէլեկտրական գեներատոր, որը կառուցվել է միջուկային ռեակտորի ակտիվ գոտում։
Նշվում է, որ վերջին տարիներին Աշոտ Սարկիսովը զբաղվել է Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացմամբ և ռիսկերի վերացմամբ, որոնք կապված են ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի հետ, ինչպես նաև վթարային ատոմային սուզանավերի հետ: