Asbarez.com կայքում իր հեղինակային հոդվածում Շանթ Ջարչաֆջյանը տեղեկացրել է, որ իր բողոքի արդյունքում հայտնի «Amazon» ընկերությունը կայքից հեռացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող մի գիրք։
Չնայած «Amazon» ընկերությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն Ջարչաֆջյանը նշում է, որ իրեն Ջեֆ Բեզոսի անունից, իր բողոքին ի պատասխան, էլեկտրոնային նամակ է ուղարկվել, փոխանցում է ermenihaber-ը:
Շանթ Ջարչաֆջյանն «Amazon» ընկերությանը գրել էր, որ կայքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատություններ որոնելիս հանդիպել է ցեղասպանությունը ժխտող գրքերի։ Նա իր նամակի մեջ հույս էր հայտնել, որ ընկերությունը հավատարիմ կմնա իր որդեգրած սկզբունքներին ու անհրաժեշտ քայլեր կիրականացնի այս ուղղությամբ։
Պատասխան նամակում ընկերությունը շնորհակալություն է հայտնել Շանթ Ջարչաֆջյանին իրենց ուշադրությունը այդ հանգամանքի վրա հրավիրելու համար և տեղեկացրել, որ «Հայոց ցեղասպանություն. մեծ սուտը» վերնագրով գիրքը հեռացվել է կայքից։