Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել՝ հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք:
Ամեն դեպքում, նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ՝ առնվազն ստուգելու համար տպավորությունների և իրականության հարաբերությունները»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել չերկարաձգել մինչև հոկտեմբերի 1-ը կնքված պրոֆեսոր Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը: Դրան հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի և մի շարք աշխատակիցների ազատման դիմումները։ Նրանք բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը: