Մենք դիմակայում ենք չարին ու ամբողջ աշխարհին սպառնացող ահաբեկչությանը։ Դիմելով համայն հայությանը՝ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ մենք, ի տարբերություն հակառակորդ Ադրբեջանի, չունենք նավթի և գազի պաշարներ, բայց ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող և սխրանքներ գործող երիտասարդներ։ Մենք չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ։
«Մեր երկրում չունենք 10 միլիոն բնակչություն, բայց ունենք 10 միլիոն բնակչություն ամբողջ աշխարհում։ Իմ կոչն ուղղված չէ 10 միլիոն հայի, այլ՝ 10 միլիոն պայքար մղողի, 10 միլիոն ոչինչ չխնայողի և 10 միլիոն հաղթողի։ Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրը մեր չափ պայքարող զգա, ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մտնի իր խրամատը և պայքար մղի»,- ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանն ամեն օր հազարավոր զանգեր է ստանում աշխարհի տարբեր վայրերում ապրող հայերից։ Նրանք հետաքրքրվում են, թե ինչով կարող են օգտակար լինել հայրենիքին և նվիրատվություններ անել։
ՊՆ ներկայացուցիչի տեղեկացմամբ՝ նվիրատվությունները պետք է ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Հովհաննիսյանը երաշխավորում է, որ հիմնադրամին ուղղված գումարները նպատակին են ծառայելու։
«Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկն ամուր թիկունքն է։ Վստահ եմ, որ դուք ամեն րոպե այն ավելի եք ամրացնելու։ Ամենքս դեպի մեր խրամատը։ Ի գործ»,- հայությանն ուղղված կոչն այսպես է ավարտվել Հովհաննիսյանը։
Հիշեցնեք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ուղղությամբ։