Տաշիր խոշորացված համայնքի Կաթնառատ բնակավայրում 73 մարդու աղիքային վարակի պատճառ դարձած ջրի մատակարարումը դադարեցվել է։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Տաշիրի քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի պետ Սլավիկ Անախասյանը։
Տեղական իշխանության ներկայացուցիչի խոսքով՝ Կաթնառատում խմելու համար տեխնիկական ջուր են օգտագործում։ Ջուրն այստեղ հավաքվում է 3 աղբյուրներից։
«Մի ակունքը գետի ջուրն է հավաքվում, մյուսը՝ Կաթնաղբյուր տեղամասից է գալիս, որը բնական աղբյուրի ջուր է։ Շնողի լեռնային գոտու աղբյուրների ջուրն է հասնում Կաթնաղբյուր։ Խառը ջուր է»,- բացատրեց նա։
Մասնագետները երեկվանից աշխատում են համայնքում՝ պարզելու, թե ինչի հետևանքով է բնակիչների մոտ աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր գրանցվել։
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մանրէաբանական հետազոտության նպատակով վերցվել են նմուշներ` ինչպես գյուղացիներից, այնպես էլ մակերեսային աղբյուրի ջրից:
6 բնակչից վերցված նմուշների մանրէաբանական լաբորատոր հետազոտության արդյունքներով` 5-ի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ: Մյուս հետազոտություններն ընթացքի մեջ են:
Քաղաքապետարանի ներկայացուցիչն ասում է, որ տարիներ շարունակ կաթնառատցիներն այդ ջուրն են օգտագործել, բայց նման դեպքեր չեն գրանցվել։ Հիմա բնակիչների համար մաքուր ջուր են գնել և տրամադրում են նրանց։
Խոշորացվման ծրագրով Կաթնառատը վերջին տարիներին է Տաշիրին միավորվել։ Պաշտոնյան վստահեցնում է, որ այս համայնքի խմելու ջրի հարցը չեն հասցրել լուծել, առաջիկայում խոստանում են կաթնառատցիներին մաքուր ջրով ապահովվել։
Հիշեցնենք, որ «Սուր աղիքային ինֆեկցիա» թունավորմամբ Ստեփանավանի հիվանդանոց էին տեղափոխվել Կաթնառատի 33 բնակիչներ։
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ շարունակվում են հայտնաբերվել աղիքային հիվանդության նոր դեպքեր: Իրականացված համաճարակաբանական հետազոտության և բակային համայցի ընթացքում հայտնաբերվել է ևս 28 նոր դեպք:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ մարզային աշխատանքային այցի ընթացքում մասնագետները ծանոթացել են խնդրահարույց ջրամատակարարմանն առնչվող հարցերին․ հարուցվել է վարչական վարույթ։