Ժամանակակից աշխարհում դժվար է գնահատել դոնորների դերը։ Շատ մարդկանց համար, որոնց մոտ հայտնաբերվում են օնկոլոգիական, հեմատոլոգիական և այլ հիվանդություններ, ոսկրածուծի փոխպատվաստումը դառնում է ապրելու միակ հնարավորությունը: Սակայն, ընթացակարգը բարդ է, համատեղելի դոնորի որոնման աշխատանքը՝ երկարատև։ Ընդ որում, հաճախ իրավիճակն այնպես է դասավորվում, որ որոնմանը հատկացվող ժամանակը բավականին քիչ է լինում՝ հաշվի առնելով հատկապես հիվանդությունների առաջանցիկ բնույթի պատճառները։
Այս կապակցությամբ տարբեր երկրների առողջապահական կառույցները հատուկ ուշադրություն են դարձնում դոնորությանը։ Սովորաբար, ոսկրածուծի դոնորների համաշխարհային օրը նշվում է սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը:
Հայաստանում ևս նման օր կա՝ հունվարի 8-ը։ Այն կապված է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի բացման օրվա հետ։ Հիմնադրամի բացումը տեղի է ունեցել 2000 թվականին։ Այդ պահից սկսած՝ Հայաստանի «Ոսկրածուծի դոնորների ռեեստրը» սկսել է համալրվել, այն դարձել է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի անդամ։ Հայկական ռեեստրի դոնորների թիվը տարեցտարի ավելանում է։
Հունվարի 8-ին, ավանդաբար, արյան հանձնման ակցիաներ են տեղի ունենում։ Ըստ բժշկական փորձագետների հաշվարկների՝ գենոտիպերի համընկնման գործոնը շատ ցածր է։
Եվրոպական ռեեստրում դոնորի որոնման և դրա վերաբերյալ հարցումների արժեքները բավականին բարձր են։ Այս հանգամանքը պարտավորեցնում է տարբեր երկրների բժշկական հիմնադրամներին ու բժշկական կառույցներին քաղաքացիների շրջանում իրազեկման աշխատանքներ իրականացնել։
Այնուամենայնիվ, բոլորը չէ, որ կարող են դոնոր դառնալ։ Կան որոշակի տարիքային և այլ սահմանափակումներ։ Այդուհանդերձ, դոնորությունը բացառապես կամավոր է։ Իսկ իրազեկման միջոցառումներին մասնակցում են պետության բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք անտարբեր չեն ծանր հիվանդություններ ունեցող համաքաղաքացիների ճակատագրով։ Հայաստանում նախագծի առաջին մասնակիցներից մեկը 2000-ականների սկզբին դարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը։
Այժմ հունվարի 8-ի միջոցառումներին մասնակցում են նաև մշակույթի և արվեստի գործիչներ։
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» գործունեությունը ոչ միայն նպաստում է փոխպատվաստման զարգացմանը, այլև սոցիալական ուղղվածության խնդիր է լուծում. այն ուղղված է կյանքի փրկությանը և հույս է ներշնչում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց։ Հայաստանը նաև համագործակցում է այլ երկրների համապատասխան կառույցների հետ, ինչի արդյունքում տրամադրվում են համապատասխան դոնորի որոնման ավելի լայն հնարավորություններ։ Այդ համագործակցությունը զգալիորեն նվազեցնում է նաև ընթացակարգի արժեքը:
Նշենք, որ 2020թ. աշնանն Արցախում պատերազմի վերսկսման պատճառով Լ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում արյան բանկ էր բացվել: Արյան հանձնման մի շարք միջոցառումներ կազմակերպվեցին, ինչի շնորհիվ հաջողվել է փրկել մեր հարյուր հազարավոր վիրավոր զինծառայողների կյանքը։