Արարատի մարզում այսօր մի շարք քաղաքացիներ բողոքի ցույց են իրականացրել՝ դժգոհելով մարզից դեպի Երևան երթուղիների ուղեվարձի թանկացումից։ Քաղաքացիները դժգոհել են, որ ուղևորափոխադրում իրականցնող «Լիգա» ՍՊԸ-ն ուղեվարձերի բարձր գին է սահմանել՝ չապահովելով անհրաժեշտ որակ։
«Ուղեվարձի մի մասը տենդերի սահմաններում է բարձրացել, իսկ մի մասը՝ տենդերից դուրս։ Դվին-Երևան ուղեվարձը 250-ից դարձել է 300 դրամ, որը տենդերի սահմաններից դուրս է։ Ըստ տենդերի՝ նրանք իրավունք չունեն գերազանցելու 250 դրամը։ Արտաշատ-Երևան ուղեվարձը կրկին 250-ից դարձել է 300 դրամ։ Այս դեպքում, թանկացումը տենդերի սահմաններում է, սակայն այդ գնի դիմաց որակ չի ապահովում։ Վառարանները չեն վառվում, այն վիճակն է, որ ապակիները սառցակալում են»,- նշել է «Գնի դիմաց որակ» նախաձեռնության անդամ Արփինե Խաչատրյանը:
Վերջինս նշել է նաև, որ իրենք նախարարությունից պահանջում են, որպեսզի իրականացվի մշտադիտարկում, ստուգվեն, «թե ինչ պայմաններում են մրցույթներ անցկացվել, թե ինչպես են անորակ ավտոբուսները հաղթել մրցույթում»։
Արարատ քաղաքի բնակիչներից մեկն էլ նշեց, որ Արարատ-Երևան երթուղին նախկինում արժեր 400 դրամ, իսկ հիմա 500 դրամ է, սպասարկում է «Գալակտիկա» ՍՊԸ-ն:
Բնակիչները նշել են նաև, որ տեսչական մարմինը վերջնաժամկետ է նշանակել վերոնշյալ խախտումների վերացման հետ կապված, սակայն իրենք հունվարի 19-ից հետո ավելի համապարփակ ստուգումներ անցկացնելու պահանջով դիմելու են ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին։