Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ընդունված օրենքով՝ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված ոչ պակաս, քան 3 տարվա տվյալ դատարանի դատավորի փորձառության սահմանափակումը կհանվի՝ հնարավորություն տալով տվյալ պալատի այլ դատավորներին, որոնք ունեն առնվազն երեք տարվա դատավորի փորձառություն, նույնպես դառնալ նախագահ։
Օրենքի նախագիծն ստացավ 86 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայներ:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 84 կողմ, 24 դեմ, 2 ձեռնպահ ձայներով ընդունվեց նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը»։
Այն վերաբերում է հարկային հսկողական աշխատանքների ընթացքում պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելու համար նախատեսվող վարչական պատասխանատվությանը: Առաջարկվող նախագծով այդ վարչական պատասխանատվությունը վերաբերում է ընդհանուր հարկային վերահսկողական աշխատանքներին:
Առաջինից երկրորդ ընթերցում հստակեցվել են հայտարարատուի կողմից գույքի իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ դրույթները: Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա է նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձին, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 85, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:
Խորհրդարանը վավերացրեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություն ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը նույնպես: Սյն հավանություն ստացավ միաձայն՝ 85 կողմ ձայներով:
Արձանագրությունը հնարավորություն է տալիս կոմիտեին` ստանալու հաղորդագրություններ այն երեխաներից, որոնք համարում են, որ իրենց իրավունքները խախտվել են։
ՀՀ ազգային ժողովը 84 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Այս նախագծի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի մարտական զենք, որը նախատեսվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը: Զենք կրելու իրավունք ունեցող աշխատակիցների և զենքերի ցանկը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ:
«ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Այս նախագծով սահմանվել են հարկ վճարողներին ծանուցումների իրականացման հետ կապված նոր իրավահարաբերություններ: Մասնավորապես՝ նախագծով սահմանվել է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 85, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:
Նախագծով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված Հակակոռուպցիոն և Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատում որոշակի հաստիքների ավելացում է նախատեսվում: Սահմանվել են նաև Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու ավելի խիստ սահմանափակումներ:
Նշենք, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ կողմ 84, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 4 ձայներով:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:
Նշենք, որ ԱԺ քառօրյա նիստը շարունակվում է։