Համացանցում շարունակվում է շրջանառվել այն ապատեղեկատվությունը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ-ը:
«Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին:
Նշենք, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել, որում ասվում է.
«Վերջին երկրաշարժը, որի էպիկենտրոնը ավելի մոտ էր Երևանին, հարուցեց զգալի ցնցումներ և անհանգստություն պատճառեց բնակչությանը: Այս երկրաշարժերը կապված են տարբեր տեկտոնական կառույցների 2 տարբեր սեյսմոակտիվ խզվածքների հետ: Փետրվարի 5-ի երկրաշարժը կապված էր Հայաստանի ամենաերկար՝ Փամբակ-Սևան-Սյունիքի ակտիվ խզվածքի հետ, իսկ փետրվարի 13-ի երկրաշարժը՝ Երևանյան խորքային խզվածքի հետ: երկրաշարժերի առավելագույն մագնիտուդը Երևանյան խզվածքի գոտում կարող է հասնել 6.0-ի: Փամբակ-Սևան-Սյունիք ակտիվ խզվածքի սեյսմիկ վտանգը շատ ավելի մեծ է: Այդ խզվածքը կարող է հարուցել շատ ավելի ուժեղ, մինչև М=7.5, երկրաշարժ:
Երևանյան խզվածքի պոտենցիալը համեմատաբար փոքր է: Այս խզվածքին բնորոշ են թույլ և միջին ուժգնության երկրաշարժերը, որոնք տեղի են ունենում բավականին մեծ հաճախականությամբ: Գործիքային ժամանակահատվածում տեղի ունեցած երկրաշարժերի վիճակագրական տվյալների համաձայն, այս օջախային գոտում M>3.0 երկրաշարժերի տեղի ունենալու հաճախականությունը մոտ 4-5 տարի է: