«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է Արցախի օգնության ծրագրի հիմնովին նոր փուլ. այսուհետ այն կաջակցի այնպիսի նախագծերի, որոնք օժանդակում են եւ խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում: Պատերազմից հետո «Ավրորայի» կողմից մեկնարկած ծրագիրն #AraratChallenge նախաձեռնության միջոցով մարդասիրական անհապաղ օգնություն էր տրամադրում արցախցիներին: Բացի այդ, «Ավրորայի» համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը եւ Ռուբեն Վարդանյանը 1 մլն ԱՄՆ դոլար նվիրաբերեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Արցախի օգնության ծրագրերի համար:
Այս նոր փուլով անցում է կատարվում կայունությանն ուղղված ծրագրերին, որոնք կապահովեն երկարաժամկետ ազդեցություն եւ կընդգրկեն ֆինանսավորման նախագծեր, որոնք աջակցում են փոքր ձեռներեցությանը, ենթակառուցվածքների վերականգնմանը եւ կխթանեն տնտեսությունը: Միեւնույն ժամանակ նախաձեռնությունը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ պահպանելու եւ առաջ մղելու հայկական ժառանգությունը տարածաշրջանում: Այն նաեւ կշարունակի աջակցել նախագծերի, որոնք անմիջական օգնություն են տրամադրում Արցախի անապահով համայնքներին:
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի հաստատումից հետո «Ավրորան» կարեւոր դերակատարում ունեցավ՝ անհապաղ օգնություն տրամադրելով մարդասիրական լուրջ ճգնաժամի առաջ կանգնած արցախահայությանը: Այսօր տեղում անհրաժեշտ են ռազմավարական լուծումներ, եւ մենք ուրախ ենք լինել առաջիններից մեկը, որն օրակարգ է վերադարձնում երկարատեւ սոցիալական զարգացումն ու աջակցում նախագծերի, որոնք նպաստում են դրան»,- ասաց «Ավրորայի» Արցախի ծրագրի ղեկավար Նարինե Աղաբալյանը:
Լինելով տարածաշրջանում մարդասիրական ոլորտի հիմնական առաջատարներից՝ «Ավրորան» նախատեսում է համախմբել նախաձեռնության գործընկերներին՝ կիսվելու լավագույն փորձով ապրիլին կազմակերպվող համաժողովին, ինչպես նաեւ ներգրավել փորձագետների հայկական սփյուռքից եւ նպաստել մարդասիրական հարթակի զարգացմանը:
Արցախի մարդասիրական ծրագրի մեկնարկից ի վեր՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն արդեն ընդհանուր 581.740 ԱՄՆ դոլար (300.660.500 դրամ) է հատկացրել՝ աջակցելով 57 տեղական եւ միջազգային նախագծի: