«OneTwoTrip» առցանց ծառայության հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ռուս ճանապարհորդների մեծ մասը գարնանային արձակուրդը ծրագրել է անցկացնել Թուրքիայում։
Երկրորդ տեղում Հայաստանն է։ Ռուսների նախընտրելի երկրների առաջին եռյակում է հայտնվել նաև Ղրղզստանը, որտեղ պատրաստվում է իր հանգիստն անցկացնել ռուս ճանապարհորդների 9,6 տոկոսը։ Այս մասին հայտնել է Lenta.ru-ն։
Ցուցակում տեղ են գտել նաև ԱՄԷ-ն, Ադրբեջանը, Մալդիվները, Եգիպտոսը, Ղազախստանը, Մոլդովան և Վրաստանը։
«Հետաքրքիր է, որ Վրաստանը ռուսների համար սահմանը բացելու մասին հայտարարել է միայն անցած շաբաթ, սակայն այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է ընդգրկվել նախընտրելի ուղղությունների թոփ տասնյակում։ Դա ցույց է տալիս Վրաստանի զբոսաշրջային մեծ ներուժը և այդ երկրի հանդեպ ռուսների մեծ սերը»-նշել են ծառայության մասնագետները։
Ավելի վաղ նշված ընկերության փորձագետները հայտնել էին, որ մարտին ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրելի ուղղությունների շարքում եղել են Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը: