Բեռլինում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները Գերմանիայի Բունդեսթագի մասնաշենքերից մեկում մասնակցել են ԽՍՀՄ-ի վրա հիտլերյան Գերմանիայի հարձակման 80-ամյակի կապակցությամբ կազմակերպված հիշատակի երեկոյին:
Այս մասին հայտնում Է TACC-ը։
«Մենք այսօր հարգում ենք մեր մոլորակի պատմության մեջ ամենասարսափելի հանցագործություններից մեկի հետևանքով զոհվածների հիշատակը»,-ասել է ձախ խմբակցության ղեկավար, ձախերի կանցլերի թեկնածու Դիտմար Բարչը:
Նա նշել է, որ խորհրդային երկրների ժողովուրդներն անգնահատելի ներդրում են ունեցել նացիզմի դեմ հաղթանակի գործում։ Քաղաքական գործիչն ափսոսանքով նշել է, որ ներկայում կան մարդիկ, որոնք գերադասում են ստվերել ԽՍՀՄ-ի և Կարմիր բանակի վաստակը հիտլերականների դեմ պայքարում:
«Չի կարելի խզել կապերը ո՛չ Ռուսաստանի, ո՛չ նախկին խորհրդային հանրապետությունների հետ», -ամփոփել է կուսակցության ներկայացուցիչը:
Միջոցառմանը ներկա էին նաև Գերմանիայում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը, մի շարք ռուս խորհրդարանականներ, Բելառուսի և Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանատների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ դիմումը հրապարակել էր կանցլեր Անգելա Մերկելը: