Վաղն առավոտյան Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի ոռոգման ջրի մատակարարումը կվերականգնվի։ Armenia Today-ի հետ զրույցում վստահեցրեց Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը։
Նա հայտնեց, որ պլանային անջատումներով պայմանավորված՝ 3 օր է՝ Էջմիածնի գյուղերում ոռոգման ջուր չկա, ինչը վրդովեցրել է գյուղացիներին, և նրանք այսօր ոռոգման ջրի պահանջով փակել են Երևան- Արմավիր ավտոճանապարհը։
Այվազյանի փոխանցմամբ՝ մարզպետարանից մի քանի պատասխանատու գնացել է բողոքի ակցիայի վայր՝ հանդիպելու հողօգտագործողների հետ։ Ճանապարհը փակած գյուղացիների հետ հանդիպման են գնալու նաև Ջրային կոմիտեից։
«Թեև Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ է իրականացվում, սակայն շոգ եղանակային պայմաններից ելնելով, ջուրը չի հերիքում, և գյուղացիները «նեղվել» են»,- պարզաբանել է մարզպետարանի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Արմավիր մայրուղում։
Գյուղացիները դժգոհում են, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է միրգ-բանջարեղենը, իրենք էլ ֆինանսական մեծ վնասներ են կրում։
Էջմիածնի տարածաշրջանի գյուղացիները, սակայն, բացել են ճանապարհը և սպասում են ոլորտի պատասխանատուների ժամանմանը։ Նրանց խոսքով՝ եթե իրենց հարցերին հստակ պատասխաններ չտրվեցին, և ոռոգման ջուրն էլ այգիներն չհասավ, պատրաստ են կտրուկ քայլերի դիմել։
Հիշեցնենք նաև՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, մեկնաբանելով Armenia Today-ի բարձրաձայնած ոռոգման ջրի բացակայության հարցը, նշել էր, որ ջրային ռեսուրսների փոքր-ինչ սակավություն կա, քանի որ Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է։
Բացի այս, Վահան Քերոբյանը հավելել էր, որ ոռոգման ջրի հարցը լուծելու նպատակով աշխատում են տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատարի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։