«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի կինը «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ կարդաց Արմեն Չարչյանի ուղերձը, որում ասվում էր․
«Ինձ մեղսագրված մեղադրանքն անհասկանալի է և բացարձակապես անընդունելի։ Ակնհայտ է, որ ես հետապնդվում եմ չկատարած ու չունեցած մեղքի համար, իսկ այդ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարող ապաշխարել։
Սխալս միշտ ընդունել եմ և կընդունեմ, սակայն չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի։ Քաղաքական պայքարի մեջ մտնելը ստիպել է իմ քաղաքացիական պարտքը, հայրենիքի անմխիթար վիճակը, սոցիալական անապահով մարդկանց անմխիթար վիճակը։
Ընդհանուր ընկճախտը տեսնելով՝ ցանկացել եմ իմ լուման ներդնել հայրենիքի առողջացման գործընթացում, ուստի ես ստիպված եմ եղել թողնել իմ հարմարավետ և հարգված աշխատանքը՝ քաջ գիտակցելով սպասված հետևանքները և միանալ նույն գաղափարները դավանող «Հայաստան» դաշինքնի քաղաքական թիմին։
Օբյեկտիվերեն գնահատելով թիմի գաղափարները, ծրագրերն ու կադրային ներուժը՝ ես համոզված եմ, որ «Հայաստան» դաշինքն է այն ուժը, որը կարող է իրագործել երկրի վերականգնումը, կարող է երկիրը դուրս հանել այս արհավիրքից։ Թեև այս պահին առողջությունս փոքր-ինչ տկար է, սակայն միտքս պայծառ է, կամքս ու ոգիս՝ ուժեղ, առավել ևս, երբ թիկունքիս մշտապես զգում եմ թիմակիցներիս զորակցությունը, ես լավ եմ, ուժեղ եմ։
Ողջ գիտակցական կյանքս մարտնչել եմ ամենադաժան ու անողոք թշնամիների՝ մահվան և հիվանդության դեմ։ Գերակշռող մեծամասնության դեպքում հաղթել եմ, երբեք չեմ հանձնվել, չեմ դավաճանել իմ համոզմունքներին ու գաղափարներին, չեմ հուսահատվել ու հուսաքվել։
Այժմ էլ իմ քաղաքական թիմի և գաղափարակիցների հետ պատրաստ եմ պայքարել՝ հանուն ուժեղ, առողջ, կրթված, մշակութային, աշխատող ու համերաշխ Հայաստանի։ Հզոր թիմիս հետ, թև թևի տված, կառուցելու ենք անվտանգ, արժանապատիվ և բարեկեցիկ Հայաստան։ Մեր գաղափարները հայրենանվեր ու հայրենանպաստ են, մեր հավատը՝ անհողդողդ ու անքննելի»։
Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է հունիսի 18-ին՝ Փաստերի ստուգման հարթակի կողմից հրապարակված ձայնագրության առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ Ձայնագրության մեջ, ըստ Փաստերի ստուգման հարթակի, Չարչյանը հորդորում, խնդրում, պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը, որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։
Չարչյանն ասում է, թե նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինիությունն ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու։ Չարչյանը, սակայն դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել, օրեր անց դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն բավարարել էր և նորից դատական գործընթաց սկսվել։ Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի (նտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ այն համարում են քաղաքական հետապնդում:
Նրան մեղսագրվող հոդվածով նախատեսվում է չորսից յոթ տարի ժամկետով ազատազրկում։