ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի վերջին դիտարկումների համաձայն՝ Սևանա լճում արդեն սկսվել են ծաղկման պրոցեսները, սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչպես 2018 թվականին էր: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը:
Նա նշեց, որ Սևանում ծաղկման վրա էական ազդեցություն են ունենում լճում սնուցող նյութերի քանակությունը, ջերմաստիճանային պայմանները:
«Ծաղկման պրոցեսի ինտենսիվությունը, սովորաբար, լինում է հուլիս ամսվա 3-րդ տասնօրյակից սկսած, գործընթացն ավարտվում է օգոստոսի առաջին տասնօրյակում: Կուզենայի նշել, որ 2018 թվականի համեմատ այս տարի սնուցող նյութերը ծաղկման պահին չունեն այդ շատ բարձր կոնցենտրացիաները, hետևաբար, ծաղկման պրոցեսn այս տարի 2018-ի համեմատ կլինի ավելի թույլ, 2020 թվականի համեմատ նույն ինտենսիվությունը կպահպանվի»,- հավելեց Գայանե Շահնազարյանը։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը տեղեկացրեց, որ Սևանա լճի մակարդակը նվազել է։ Նախորդ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակը նվազել է 4 սմ-ով։
««Հիդրոօդերևութաբանական պայմաններն անբարենպաստ են եղել լճի ջրային պաշարների համար։ Լճից գոլորշիացումը բավականին բարձր է եղել։ Օդի բարձր ջերմաստիճանով է պայմանավորված եղել, որ Սևանա լիճ թափվող գետերի հոսքերը եղել են նորմայից ցածր»,- ներկայացրեց նա։
Հիշեցնենք՝ մարտին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս տարի Սևանա լճի մակարդակն աննախադեպ բարձրացել է:
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն էլ արձագանքել էր, որ առավելագույն նիշը հունիս-հուլիսին է արձանագրվել, բայց այս տարվա կանխատեսմամբ՝ վերջին տասնամյակների համար աննախադեպ նիշ ենք ունենալու. մակարդակը հասնելու է 1901 մետրի: