«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ հայրենի իշխանությունները բանագնացներ են ուղարկել ու տեղեկացրել, որ պետք է հրաժարական ներկայացնի ու հեռանա, սակայն Մարությանն ասել է, որ իշխանությանը տեղեկացնեն՝ չի պատրաստվում որեւէ տեղ հեռանալ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Հայկ Մարությանն այս ընթացքում առավել զգուշավոր է դարձել, նույնիսկ իր պարտականությունները չի կատարում, որեւէ փաստաթուղթ չի ստորագրում, որեւէ իրավական գործընթացի մեջ չի մտնում, որ խոցելի չդառնա: Հնարավոր է՝ որեւէ փաստաթուղթ ստորագրելուց հետո օգտագործվի իր դեմ, ինչի համար էլ Մարությանը մատնվել է անգործության: Բանն այն է, որ Մարությանն իր նեղ թիմում ասել է, որ ամեն գնով ինքնապաշտպանվելու է, մի խումբ իրավաբանների հետ է հանդիպումներ ունենում, փորձում է հասկանալ՝ եթե հրաժարական չներկակացնի, ապա ինչ իրավական հետեւանքների այն կարող է բերել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է ընտրության մասնակցած քաղաքական ուժերի՝ Սահմանադրական դատարան դիմելու եւ ընտրության արդյունքները վիճարկելու ժամկետը։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարել են, որ բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել, որոնք ներկայացնելու են ՍԴ-ին։ Բայց որոշել են ՍԴ դիմել ոչ թե մեկ միասնական հայցով, այլ՝ առանձին-առանձին։ Երեկ «Հայաստան» դաշինքն արդեն ներկայացրել է դիմումը ՍԴ։ «Պատիվ ունեմ» դաշինքը կդիմի այսօր։ Դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը հարցին՝ քննարկվե՞լ է «Հայաստան» դաշինքի հետ մեկ միասնական հայցով դիմելու հարցը, ասաց․ «Չի քննարկվել, որովհետեւ տեխնիկապես դրանք առանձին դիմումներ են, մեկ միասնական դիմումի մեխանիզմ մեզ հայտնի չէ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան իր մոտ է հրավիրել «Պատիվ ունեմ» դաշինքի՝ խորհրդարան անցած պատգամավորության 7 թեկնածուներին՝ ԱԺ գնալուց առաջ քննարկելու իրենց անելիքները եւ մարտավարությունը։ Առաջին յոթնյակն այս տեսքն ունի․ Արթուր Վանեցյան, Տարոն Մարգարյան, Աննա Մկրտչյան, Իշխան Զաքարյան, Հայկ Մամիջանյան, Թագուհի Թովմասյան եւ Տիգրան Աբրահամյան։ Հանդիպումը նշանակված էր ուշ երեկոյան․ առաջիկայում կտեղեկացնենք մանրամասների մասին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է ամեն ինչ անել կորոնավարակի դեմ պատվաստումների հանդեպ հասարակական հետաքրքրությունը մեծացնելու համար, սակայն Հայաստանում պատվաստումների քանակը, միեւնույնն է, շարունակում է մտահոգիչ ձեւով քիչ լինել: Նշենք, որ մինչեւ այս պահը Հայաստանում 80 հազարից ավելի մարդ է պատվաստվել, այսինքն՝ բնակչության շուրջ 2,9 տոկոսը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին հրավիրած խորհրդակցության ժամանակ մտահոգիչ էր համարել այս թվերը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս թվերի եւ հաշվարկի մեջ այլ իրականություն է թաքնված: Բանն այն է, որ իրականում Հայաստանի բնակչության 2.9 տոկոսը չէ, որ պատվաստվել է, ինչպես փորձում են ցույց տալ պատկան մարմինները: Բանն այն է, որ պատվաստվողների մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրացիները, որոնք, գտնվելով Հայաստանում, պատվաստվել են, եւ Առողջապահության նախարարությունը այդ թիվն էլ է ներկայացնում 80 հազար պատվաստված մարդկանց մեջ»: