«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 20-ից դեպի Երևան (Հայաստան) Ժուկովսկու օդանավակայանից չվերթների թիվը կավելացնի մինչև շաբաթական երեք չվերթ: Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, տեղեկացնում է ավիափոխադրողի Telegram-ալիքը:
«Հուլիսի 20-ից Ժուկովսկուց Երևան հնարավոր կլինի մեկնել երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ Ժուկովսկու օդանավակայանի կայքի՝ այժմ ավիաընկերությունը Ժուկովսկուց դեպի Երևան միայն մեկ չվերթ է իրականացնում՝ հինգշաբթի օրերին։
Ընկերությունը նաև հուլիսի 8-ից ուղիղ ավիահաղորդակցություն է բացում Նալչիկի և Երևանի միջև: Չվերթները կիրականացվեն հինգշաբթի օրերին, ճանապարհորդության ժամանակը՝ 1 ժամ 5 րոպե, մանրամասնվում է հաղորդագրության մեջ:
«Ուրալյան ավիաուղիները» ռուսական խոշորագույն ավիաընկերություններից մեկն է։ Թռիչքների աշխարհագրությունը ներառում է ավելի քան 200 ուղղություն: