«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածնի վիճակը նեոնատոլոգ, մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը գնահատում է ծանր, հավելելով, որ այս պահի դրությամբ այն կարելի է համարել կայուն: Այս մասին Facebook-ի էջում տեղեկացրել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտ գտնված նորածին երեխան ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքում ունի ինֆեկցիաներ, ինչպես նաև շնչառական անբավարարության պատճառով փոքրիկին միացված է արհեստական շնչառական սարք:
Նորածինը շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո, նրա առողջական վիճակի փոփոխության վերաբերյալ կտրամադրվի տեղեկատվություն»,- մանրամասնել է նա։
Հիշեցնենք, որ Ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել Երևանի մի բնակիչ և հայտնել, որ Արցախի փողոցում շենքերից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի է հայտնաբերել։