Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի ու ավերածությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Շտայնմայերին և Գերմանիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթել է տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրվանից հորդառատ անձրևներ են տեղացել Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ ավերիչ ջրհեղեղի պատճառ դառնալով: Հռենոսի Ահրի և Մոսելի վտակները հեղեղել են ափերը տեղատարափ անձրևների պատճառով։ Գերմանիայի արևմուտքում գտնվող Արվայլեր թաղամասում կորած է համարվում շուրջ 1,3 հազար մարդ: