Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ անվանի գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը կյանքից հեռացել է հուլիսի 29-ին։ Նշենք, որ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնել էր, որ Արմեն Շեկոյանի մահվան պատճառը հիվանդությունն է։
Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, իսկ 1976-1990 թվականներին՝ «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում։
Սիրված են հեղինակի «Մետաքսի ճանապարհ», «Երևան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճոճք», «Ճամփորդ արևը», «Անձրև, անձրև, մի արի» և այլ գրքերը։