Այսօր օգոստոսի 11-ն է: Հին հայոց օրացույցում օգոստոսի 11-ից սկսվում էր Նավասարդը. այդպես էր կոչվում նաև տարվա առաջին ամիսը:
Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։
Նոր տարին սկսվում էր նավասարդի (օգոստոս) մեկից և տևում մեկ շաբաթ։
Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում, և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։
Կար նաև տոպրակ կախելու սովորությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։
Նավասարդյան օրերը կրում էին փաստորեն ազգային–ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին։
Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել է Նոր տարվա առաջին ամիսը։ Այն կազմված է «նավա»-նոր և «սարդ»-տարի բառերից։ Նավասարդը տոնում էին Հայկի տարած հաղթանակի պատվին, այդ պատճառով այն նշում էին մ.թ.ա. 2492 թվականից մինչև XVIII դարի սկիզբ, երբ կաթողիկոս Սիմեոն Երևանցու հրամանով Նոր տարվա սկիզբ պաշտոնապես համարվեց հունվարի 1-ը: Շնորհավոր հայոց օրացույցի 4514 -ամյակը։