Արմավիրի մարզի Մրգաստան և հարևան համայնքների բնակիչները ոռոգման ջրի պահանջով փորձել են փակել Էջմիածին- Աշտարակ ճանապարհը։ Արմավիրի ջրօգտագործման ընկերությունը, սակայն, խոստացել է առավոտյան գյուղացիներին ոռոգման ջուր տալ։ Հավատալով խոստմանը՝ հողագործներն էլ հրաժարվել են ճանապարհ փակելու մտքից։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ մի քանի օր շարունակ ոռոգման ջուր չեն տվել, իսկ բերքը չորանալու վտանգի տակ է։ Մրգաստանում երկու արտեզյան խորքային հոր կա, բայց այդ ջուրը ոռոգման թեժ շրջանում հողատարածքներին չի բավականացնում։
Գյուղացիները 40 հեկտար լոբի են ցանել։ Գյուղապետն ասում է՝ եթե վաղը ջուր չտան, բերք չեն կարողանա ստանալ։ Մշակաբույսի ծաղկման շրջանում հիմա պետք է հողամասն առատ ոռոգել։
«Ասեցին, որ Սևանից լրացուցիչ ջուր են վերցրել և շուտով գյուղերին են տալու։ Եթե ջուր չտվեցին, բերքը չի լինի, ծաղկավիժում տեղի կունենա։ Մարդիկ վարկ են վերցրել՝ վարունգ և լոբի ցանել։ Ոռոգման ջրի կայանից 7 կիլոմետր հեռավարության վրա է մեր գյուղը, մինչև ջուրը դաշտ է հասնում մինչև 70 տոկոս կորուստ է ունենում։ Մոտ 90 հեկտար տարածք չի ջրվում»,- իրավիճակը ներկայացրեց Ռաֆիկ Խաչատրյանը։
Համայնքի ղեկավարի կարծիքով՝ եթե Մրգաստանում մեկ խորքային հոր կառուցվի, ոռոգման ջրի հարցը կլուծվի։
Հիշեցնենք, որ այս տարի հանրապետությունում երաշտ է և ոռոգման ջրի խնդիր կա։ Արմավիրի, Շիրակի և այլ մարզերի հողագործները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ոռոգման ջրի պահանջով։
Օգոստոսի 19-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում մարզում ոռոգման գործընթացին առնչվող խնդիրների վերաբերյալ։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել: