Քաղաքապետարանը «Ֆիզգորոդոկ»-ի կառուցապատման մասին ճշգրիտ և հնարավորինս հակիրճ տեղեկություն է տրամադրել «Ֆիզգորոդոկ»-ի հատվածում կառուցապատման մասին.
– Հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին:
-Երևանի քաղաքապետարանը իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը:
– Այդ տարածքում արդեն տրված է եղել 12-հարկանի շենքի շինթուլտվություն 2007 և 2012 թվականներին:
– 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները:
– Քաղաքապետարանը կազմակերպել է հանրային լսում (նման ֆորմատով առաջին անգամ՝ վերջին առնվազն 20 տարվա մեջ):
– Քաղաքապետը պահանջել է, որ նախագիծը ներկայացվի քաղշին խորհուրդ` հեղինակավոր ճարտարապետների գնահատմանը (գրեթե միաձայն քվեարկությամբ նախագիծն ընդունվել է):
– ԿԳՄՍ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը որպես նորահայտ հուշարձան, այնուհետև, 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորը այդ տարածքից:
– 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը ՊԱՐՏԱՎՈՐ Է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին և տարածքը ընդգրկված չէ հուշարձանների ցանկում:
– Բնակիչները դիմել են դատարան՝ վիճարկելու կառուցապատումը, դատարանը վարույթ է ընդունել գործը, բայց չի կասեցրել շինարարութունը:
– Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է, քաղաքապետարանը տվյալ պայմաններում այդպիսի լիազորություն չունի:
Հիշեցնենք, որ «Ֆիզգորոդոկում» ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ։ Բնակիչների պնդմամբ՝ կառուցապատումն հակաօրինական է։
Հիշեցնենք, որ բնակիչները մի քանի անգամ բողոքի ակցիա են անցկացրել, նրանց և ոստիկանների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել։