Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ավելի քան 30 տարի զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա հարակից տարածքներում անհայտ կորածների խնդիրներով: Այս մասին օգոստոսի 30-ին անհայտ կորածների հարցի քննարկման ժամանակ ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:
Ամատունու խոսքով՝ 80-ականների վերջից բոլոր տվյալները գրանցված են տվյալների բազայում, որը բաղկացած է մոտ 4500 անունից։ Նրանցից 800-ը գրանցվել են ԿԽՄԿ-ի Երևանի և Արցախի գրասենյակների կողմից ստացված դիմումների հիման վրա:
Բոլոր տվյալները փոխանցվում են Հայաստանի պետական մարմիններին և կազմակերպության պատվիրակությանը՝ Բաքվում: Զառա Ամատունին նաև նշել է, որ ԿԽՄԿ-ի մասնակցությամբ շարունակվում են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների մարմինների որոնման, ինչպես նաև նրանց նույնականացման աշխատանքները, ինչը հանգեցնում է անհայտ կորածների թվի նվազման: