Հնագույն հայկական Անի քաղաքի տարածքում պեղումներ են սկսվել։ Հաղորդվում է, որ պեղումներին մասնակցում է 35 հնագետ և 12 համալսարանական ներկայացուցիչ:
Կազմակերպիչները կարծում են, որ Հայաստանի հետ սահմանին գտնվող հնագույն Անի քաղաքի ավերակների պեղումները Կարսի Արփաչայ թաղամասի մոտ կընդլայնեն տարածաշրջանի զբոսաշրջության ներուժը, կգրավեն տեղական և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը:
Նշվում է, որ ջանքեր կգործադրվեն հայտնաբերված գտածոների պահպանման համար:
«Սկսվել են պահպանման աշխատանքները (հայտնաբերումից անմիջապես հետո հնագիտական գտածոների ֆիզիկական և մեխանիկական ամբողջականության ապահովման համար ժամանակավոր միջոցառումների շարք), հատկապես սելջուկյան շուկայինը: Հնագիտական խումբը ջանքեր է գործադրում պահպանելու արդեն հայտնաբերված արտեֆակտերը»,- ասաց Արսլանը:
Անիին վերաբերող իր ծավալուն տեքստում, գործակալությունը, անշուշտ, չի նշում քաղաքի հայկական ծագումը, Անիի պատմության և քաղաքի տաճարների մասին տեքստը ընդհանրապես չի նշում հայերին:
Հաշվի առնելով թուրքական իշխանությունների նման վերաբերմունքը հայկական պատմական ժառանգության նկատմամբ, ինչպես նաև Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, հեշտ է կանխատեսել, որ այդ պեղումները կհանգեցնեն հայկական հետքի ոչնչացմանը, որին մենք բազմիցս ականատես ենք եղել: