ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել համապատասխան աջակցություն ցուցաբերել Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններին։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հատկացումներից կատարվել է 7231.9 հազ. դրամի վերաբաշխում, որից 6265.8 հազ. դրամն ուղղվել է «Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրում» միջոցառմանը (1500.0 հազ. դրամ` ֆլեյտայի ձեռքբերում, 4765.8 հազ. դրամ՝ լուսաձայնային սարքավորումների և գույքի ձեռքբերում), իսկ 973.3 հազ. դրամը՝ «Թատրոնների շենքերի ընթացիկ նորոգում» միջոցառմանը (մետաղական կոնստրուկցիաների պատրաստում):
Կառավարության կայքում նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի Կամերային պետական թատրոնի հիմնական, փակ դահլիճն ունի օդափոխության խնդիր: Դահլիճում պատշաճ որակի օդափոխման համակարգի բացակայության հանգամանքը թատրոնի համար անհրաժեշտություն է առաջացրել գործարկել բացօթյա հարթակում ներկայացումների անցկացման ձևաչափը, ինչը թույլ կտա պահպանել ՀՀ առողջապահության նախարարության սահմանած սոցիալական հեռավորությունը և համավարակի կանխարգելման այլ կանոնները։
Թատրոնի լուսաձայնային սարքավորումների տեխնիկական հնարավորությունները ևս չեն համապատասխանում բացօթյա պայմաններում պատշաճ շահագործման համար: Որոշման արդյունքում Երևանի Կամերային պետական թատրոնը 2021 թվականի սեպտեմբերին կարող է իրականացնել բացօթյա ներկայացումներ:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն էլ ունի երաժշտական գործիքների (մասնավորապես ֆլեյտայի) խիստ պահանջ, առանց որոնց հնարավոր չէ ապահովել կատարողական և մասնագիտական լավ որակ: