Երեկվանից Armenia Today-ն ահազանգեր է ստանում, որ Երևան-Թբիլիսի MJ308 չվերթը, որը նախատեսված էր 9։10-ին, չի կայացել։ Բոլոր ուղևորները, այդ թվում՝ երեխաներ, սպասում են իրենց չվերթին, նրանցից շատերը Թբիլիսիում ամրագրել են հյուրանոցներ, իսկ ՊՇՌ թեստերի ժամկետն անցնում է, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում մարդկանց համար։ Թռիչքը սպասարկող MyWay ավիաընկերությունը հստակ ժամկետներ չի նշում, չի հստակեցնում թռիչքի չեղարկման պատճառները։ Սակայն լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ թռիչքը հետաձգվում է թռիչքային տուրքերը չվճարելու պատճառով:
MyWay-ը նախատեսում է ուղևորների հաշվառում անցկացնել այսօր՝ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 10։00-ին։ Այս մասին Armenia Today-ի թղթակցին հայտնեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ Ծառայությունից նաև հայտնեցին, որ թռիչքը շուտով կկայանա, ուղևորների հաշվառումը կսկսվի քիչ անց, նրանց խնդրել են օդանավակայան գնալ։
Նշենք, որ երեկ Armenia Today-ը կապ է հաստատել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի պատասխանատուի հետ, որը չի կարողացել անհրաժեշտ տեղեկություն ստանալ ավիաընկերությունից և հաղորդել։ MyWay ավիաընկերության հայաստանյան գրասենյակն էլ ընդհանրապես չի պատասխանում մեր զանգերին։ Հավանաբար չեն ուզում հանրայնացնել թռիչքի հետաձգման պատճառները։
Նշենք, որ վրացական MyWay ավիաընկերությունը Հայաստանում շաբաթական 2 անգամ հաճախականությամբ չվերթներ սկսել է իրականացնել այս տարվա հուլիսից։
Արաքսյա Սնխչյան