Ռուսաստանը «նացիզմ», «ֆաշիզմ» և «Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն» հասկացությունների ամրագրման վերաբերյալ օրինագիծ է պատրաստել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը «Խաբարովսկի գործընթացը. պատմական նշանակություն և ժամանակակից մարտահրավերներ» միջազգային համաժողովում:
Նրա խոսքով՝ փաստաթուղթը նպատակ ունի ամրագրել «Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալի կանոնադրությամբ ճանաչված միջազգային իրավունքի սկզբունքների անձեռնմխելիությունը»: Բացի այդ, ըստ Կրասնովի, նախատեսվում է նացիզմի վերականգնման ու քարոզչության արգելք, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված արխիվային փաստաթղթերի, ֆիլմերի և լուսանկարների նյութերի իրավական կարգավիճակի կարգավորում:
Ավելի վաղ գլխավոր դատախազն առաջարկել էր նացիզմի վերականգնումը, արդարացումն ու քարոզչությունը հավասարեցնել ծայրահեղական գործունեությանը: Սա, ըստ նրա, կընդլայնի նման երևույթներին հակազդելու հնարավորությունները, կվերացնի իրավական կարգավորման բացերը և «քաղաքական մեծ նշանակություն կունենա պատմական հիշողությունը պահպանելու և միջազգային մակարդակով Ռուսաստանի Դաշնության դիրքերի ամրապնդման համար»: