Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Կրոնական ազատություն եվ խաղաղություն» խորագրով համաժողովը, որը մեկ վայրում էր համախմբել տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդների և առաջատար գիտնականների ու փորձագետների՝ քննարկելու համաշխարհային հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցը, ինչպես նաև՝ մշակելու ամբողջ աշխարհում կրոնական ազատության և մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ առաջարկություններ, որոնք կարող են լայնորեն կիրառվել հետագայում: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Համաժողովի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես է եղել խոսքով․
«Ազատության և խաղաղության գաղափարները մարդկության պատմության տարեկիցներն են և այսօր էլ շարունակում են մնալ արդիական, մանավանդ երբ աշխարհի տարբեր մասերում բռնությունների, հակամարտությունների, պատերազմների առկայությունը հաճախ փորձ է արվում հիմնավորել ազատության կամ խաղաղության հաստատման կեղծ օրակարգերով։ Քրիստոնեական մտածողության համաձայն՝ ազատությունը դրսևորվում է Բարձրյալի կամքի հետ մարդկային կամքի ներդաշնակությամբ:
Խաղաղությունը կարող է արգասիքներ բերել և հարատևել արդարության գործադրմամբ։ Պարտադրված խաղաղությունը, առանց արդարության, բարիքի փոխարեն ցավ ու տառապանք է ծնում, ատելություն ու թշնամանք բերում մարդկային կյանքում։ Չնայած ազատության ու խաղաղության անհրաժեշտության համընդհանուր գիտակցումին ու ձգտումին, աշխարհում առ այսօր հաղթահարված չեն բռնությունները, պատերազմները, էթնիկ-ազգամիջյան ատելությունը և դրանց հիմքի վրա իրագործվող աշխարհավեր ոճրագործությունները։ Ավելին, այդպիսի գործողությունները շարունակում են իրականացվել արդիական նորագույն գիտատեխնիկական նվաճումների և միջոցների օգտագործմամբ»,- հայտարարել է Գարեգին Բ-ն։