Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ այսօր 11։00-ից բողոքի ցույց կունենան Երևանի Ֆիզգորոդոկի բնակիչները։ Դատարանում քննվելու է Ֆիզգորոդոկի բնակիչների բողոքարկումը նախկինում քրեական գործ չհարուցելու վերաբերյալ։
«Այդ գործի` ժամանակին հարուցվելու դեպքում հնարավոր կլիներ կանխել ապօրինի շինթույլտվության տրամադրումն ու շինաշխատանքների մեկնարկը»,- ասված է հաղորդագրության մեջ և նշված, որ 12:00-ին հանդիպում կլինի Երևանի քաղաքապետարանի առջև, որտեղ ընթանալու է Ավագանու նիստ։
Բնակիչների պահանջը Երևանի քաղաքապետարանից նույնն է՝
– անհապաղ կասեցնել ապօրինի շինարարությունը,
– տրամադրել մի տարի շարունակ պահանջվող փաստաթուղթը,
– վերացնել ապօրինի տեղադրված պարիսպը։
Ավագանու անդամներից ակնկալում են՝
– դուրս գալ և հանդիպել քաղաքացիներին,
– իրենց բողոքը հնչեցնել նիստի ընթացքում և ստանալ կոնկրետ պատասխաններ,
– անել հանրային հայտարարություն՝ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ թաղամասի երկու բնակիչ արդեն 20 օր է՝ հացադուլի մեջ է, որոնցից մեկն այսօր անցել է ջրադուլի։