ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 14-ին մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների Երեխաների իրավունքների հանձնակատարների (օմբուդսմանների) առաջին հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՄԻՊ գրասենյակից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային երկխոսության միասնական հարթակի ստեղծման կարևորությունը՝ համակարգային խնդիրների լուծման համար:
Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և կատարվող աշխատանքը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ նշելով, որ մեր հաստատությունն ունի «A» միջազգային կարգավիճակ, հանդիսանում է Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի լիիրավ անդամ, որը հնարավորություն է տալիս մասնակցել նաև կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին:
«Ներառական հասարակության ստեղծումն առաջնային է բոլորիս համար, քանի որ երեխան պետք է մեծանա այնպիսի միջավայրում, որտեղ կարողանում են բացահայտել իր կարողությունները, գնահատում են նրա հնարավորությունները և նպաստում են դրա զարգացմանը՝ անկախ հաշմանդամություն կամ հատուկ կարիքներ ունենալու հանգամանքից»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է անդամ երկրների միջև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում փորձագետների համագործակցության կարևորությունը: Առանձնակի ուշադրություն է դարձվել ԱՊՀ անդամ երկրների միջև երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման պարզեցված ընթացակարգին: