Զոհված զինծառայողների ծնողներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին՝ իրենց դժգոհությունը հայտնելով սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության օրվա առթիվ կազմակերպվելիք «գունագեղ տոնակատարության» դեմ։
«Ես միայն պահանջում եմ կառավարությունից հարգել մեր զինվորներին, հարգել մեր տղաների թափած արյունը։ Ես չեմ ուզում, որ հրավառություն լինի։ Եթե անում են, թող պատշաճ կարգով, ծնողներին հարգելով անեն։ Թող հարգեն մեր երեխաներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկը մայրը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից գունագեղ տոնակատարություն ձևակերպման համար ԱԺ-ում ներողություն խնդրելուն՝ նա նշեց․ «Պետք է ներողություն խնդրեր այն ժամանակ, երբ էրեխեքին տարավ թուրքի բերան։ Մենք սուգ ունենք, մենք սուգն ենք տանում։ Ինչո ՞ւ սգավոր ծնողներով պետք է գանք կառավարության շենքի դիմաց, կանգնենք ու բողոքենք։ Թող հարգեն մեր էրեխեքին, նրանց արյունը, որը թափվել է իրենց համար, որը թափվել է հայ ժողովրդի համար, որը հանգիստ նստել է ու չի բողոքում նման երևույթների դեմ»։
Հիշեցնենք, որ գործադիրի ղեկավարը կառավարության նիստերից մեկի ժամանակ էր հայտարարել, որ տրամադրությունը տոնական անվանել չի կարելի, սակայն կառավարությունը որոշել է Անկախության 30-րդ տարեդարձը պատշաճ ձևով նշել.
«Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն: Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»: