Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում ՀՅԴ երևանի քաղաքային կոմիտեի անդամները։
Բողոքի ակցիայի մասնակիցները դեմ են պարտադիր թեստավորմանը։ Նրանք ցանկանում են հանդիպել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ և նրան ուղղել հասարակությանը հուզող թեստավորման և պատվաստման հետ կապված մի շարք հարցեր։
«Մինչև սեպտեմբերի 21-ը վարակակիրների քանակն օրական 400-500 էր, և այդ պայմաններում կառավարությունը որոշում կայացրեց հրապարակում միջոցառում կազմակերպել։ Մեզ հետաքրքրում է, թե երբ կառավարությունը որոշում էր նման միջոցառում կազմակերպել, Առողջապահության նախարարն առարկե՞լ է, որովհետև այդ միջոցառումից մեկ շաբաթ անց վարակակիրների թիվը դարձավ 1000 և ավելի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցներն առողջապահության նախարարության որոշումն անօրինական են համարում։
Նրանց կարծիքով՝ պետությունը պարտավոր է թեստավորման ծախսերը հոգալ։
«Ինչպես՞ս եղավ, որ 15 000-անոց թեստը դարձավ 5 000 դրամ։ Հիմա 5 000 դրամով են թեսատավորում։ Ըստ մասնագետների, դրա ինքնարժեքը մոտավորապես 2 000 դրամ է կազմում։ Այսինքն, ստացվում է, որ թալանի մասին խոսող, թալանի մեջ մեղադրող կառավարությունը մեկ տարում գերշահույթ է ունեցել։ Ճանաչելով այս կառավարությանը՝ կարող ենք ասել, որ պարտադիր թեստավորման մասին որոշումը կատարել են ոչ թե մտածելով հանրության առողջության մասին, այլ՝ գործատուներին տուգանելու»,- նկատեց Կարապետյանը։
Նշենք՝ Արդարադատության նախարարությունից պարզաբանել են, որ Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից։